Մեր Ֆրունզը իմ մտապատկերում
Վերջին օրերս լցված էին Մհերով. աչքերիս առաջ նրա ֆիլմային կերպարներն էին ու գրասեղանիս թղթեր, գրքեր ու նկարներ` Ֆրունզով լցված ու Ֆրունզի մասին: Ես նրան թատրոնում չեմ տեսել: Իմ պատկերացումը Ֆրունզի մասին մերոնց պատմությունների ու տեսածս ֆիլմերի շրջանակներում են: Ամեն անգամ համակարգչիս մեջ նրա ֆիլմերի սկավառակը դնել, հետ ու առաջ անելուց հետո համոզվում եմ` «Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը…»:
Կինոգետ, թատերագետ կամ էլ արվեստաբան չեմ Ֆրունզիկ Մկրտչյանի արվեստում բացահայտումներ անելու համար: Բայց ներքին պահանջով ու մղումով, ափսոսանքի ու կարոտի անափ զգացումով մտքերս հանձնեցի թղթին` որպես ևս մեկ նրբագիծ Ֆրունզի մասին գրվածի վերաբերյալ:
«Ծնողներս իրենց առաջնեկին անվանակոչել են Ֆրունզիկ,- պատմում է Ալբերտ Մկրտչյանը,- երևի ի պատիվ խորհրդային զորապետ Միխայիլ Ֆրունզեի: Անցած դարի 20-ական թթ. հայերին մեղադրեցին նացիոնալիզմի մեջ, և նրանք էլ սկսեցին իրենց զավակներին անվանակոչել տարօրինակ անվանումներով: Ի հայտ եկան Ռոբերտներ, Ալբերտներ, Ֆրունզիկներ…Իսկ երբ շատ տարիներ հետո Սունդուկյանի թատրոնը Լիբանանում էր, տեղի հայերը եղբորս անվանակոչեցին Մհեր, որը էպոսից վերցված անուն է և թարգմանաբար նշանակում է Արև»: Ենթագիտակցորե՞ն, թե ուղղակի «Մ» տառով հարմար անուն է գտել Ֆրունզն իր ազգանվանը, բայց իր զգացողությամբ էպոսից եկող այս մարդն ասես հաստատեց, որ Մեծ ու Փոքր Մհերներից բացի, էլի Մհերներ են եղել, որոնցից մեկը 20-րդ դարում մեզ ներկայացել է Ֆրունզիկ ծածկանունով:
Արտիստական այս ծագումնաբանությանը զուգահեռ Ֆրունզն ունի իր բացատրությունը. «Մհեր Մուշեղի Մկրտչյան, Կտեսնի՞ք, անուն, ազգանուն և հայրանունիս սկզբնատառերը կսկսվին Մ տառով, մեծամտություն չհամարեք, բայց ըդիք կնշանակե` Մեծատառով Մեծ Մարդ»:
Դեռ մանկության տարիներին Լենինականի բանվորական թաղամասերից մեկի իրենց տան բակում, սպիտակ սավանը վարագույր դարձրած 10-ամյա փոքրիկը ծափեր էր կորզում հարևաններից, ծափեր, որոնց աշխարհագրությունն հետո լայնանալու էր` Ֆրունզին դարձնելով մերն ու բոլորինը, բոլորինն ու մերը, աշխարհինը, հայինը, բայց մերը… Հանդիսատեսը նրան ծափահարում էր հայտնվելու առաջին իսկ պահից: Ծիծաղ պարգևելու նախանձելի շնորհ, անկեղծ ու վարակիչ հումոր, կյանքի ծիծիաղելին բնական ու անսեթևեթ խաղով ցույց տալու վարպետություն, անմիջական զրույց հանդիսատեսի հետ ու անկեղծություն, անկեղծություն…«Կյանքում ուրախ, զվարթ մարդը կարող է շատ մեծ ողբերգության մեջ լինել: Նրա մեջ կա և ֆարս, և երգիծանք, և հումոր, և կա ողբերգություն, և կա դրամա: Անիմաստ ծիծաղեցնելը գոյություն չունի արվեստի մեջ: Առանց հումորի ողբերգություն չի լինում: Մարդու մոտ, առհասարակ, ամենամեծ դժբախտությունը հումորի պակասն է»,- սա էր Մհերի համոզմունքը, գուցե նաև գաղտնիքը` արցունքների արանքից ժպտալու և ծիծաղելիս արտասվելու վարպետության գաղտնիքը:
Ուրախ և տխուր մարդը. կարճ ձևակերպմամբ բնութագրեցին մարդիկ Մեր Ֆրունզին: «Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հասկանում»,- ասում էր Ֆրունզը: «Ֆոտոգենիկ չէ»,- սկզբնական շրջանում ասում էին Ֆրունզի համար: Բայց, ցավոք, խառնում էին դեմքի արտաքին գծագրությունը դիմագծի հետ: Ներքին հմայքից եկող մի դիմագիծ, որն այլևս անկրկնել է, անգերազանցելի:
Մեծերը Մեծերի մասին խոսելիս շռայլ չեն, բայց Հայ բեմի նահապետը` Սոս Սարգսյանը, Ֆրունզին գնահատել է այսպես`«Մի ֆրունզ, մի Հայաստան»: Ավելին ասել պետք չէ:
«Կինոն ի՞նչ, կինոն սիրուհիդ է, թատրոնն է կինդ, տունդ: Ինչ ուզում ես արա, վերադառնալու ես տուն»:
Բայց սիրուհուն էլ Ֆրունզը նվիրվեց անմնացորդ, շռայլորեն, տաղանդի ողջ զորությամբ, պարզությամբ, որ երբեք պարզունակության չփոխվեց, խորիմաստ, հրապուրիչ ու էկրանից այն կողմ էլ վերստին հաստատեց. «Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքեր»:
Հայկինոյի ինքնատիպ ռեժիսոր Հենրիկ Մալյանը 1980թ. Թոթովենցի «Բաց Կապույտ Ծաղիկներ» վիպակի հիման վրա նկարահանեց «Ապտա» ֆիլմը, մեզ առավել հայտնի «Կտոր մը երկինք» վերնագրով: Ես երկար թերթեցի ինձ հասած նյութերն ու այդպես էլ Գրիգոր աղայի կերպարի մասին ոչինչ չգտա: Առաջին հայացքից երկրորդական կերպար, որ Թորիկի ու Թուրվանդա Քորոյի կողքին թվում է պակաս հիշարժան: Բայց ինձ համար մեկ նախադասություն միայն, մեկ դրվագ ամբողջացնում է հայ մարդու կերպարը:
«Աղե՞կ ես, Գրիգոր աղա»:
«Աղեկ եմ, որբին տիրություն կենեմ»:
Ու հպարտ է փալանչի Գրիգոր աղան, հպարտ ու երջանիկ. որբին որբ չի թողել:
«Գդրա~վ, թելը գդրա~վ, Սա տղան երբ կարգին մարդ դարձավ, ադ գիշեր ես հանգիստ կը’մեռնիմ: Տո Թորի՞կ, փալան մ’ալ քեզի շինեն»:
Սա հայ հոր մտահոգությունն է, որդուն մի բանի հասցնելու, իր գործը ժառանգին թողնելու հայկական մտահոգություն: Երևանում սկսված ու Թիֆլիսյան լուրթ երկնքում ավարտված նկարահանումներից հետո, Մոսկավյան կինոքննադատության ուշադրության առարկան Թորիկից ու Թուրվանդա Քորոյից առաջ այս մարդն էր, ու հատկապես «Էշերուն համար փալան գործող» հասարակ մարդու պատվախնդիր աշխատանքը: Տրգրան Մանսուրայնն աղավնիների թռիչքին համընթաց երաժշտական ելևէջներ հաղորդեց ֆիլմին ու խոստովանեց. «Մհերի աչքերն էլ ոգեշնչեցին, նրա պես իմ երգն էլ ինձնից առան ու տարան»:
«Ապտակից» 5 տարի հետո 1985-ին Ալբերտ Մկրտչյանը խորհրդային կինոյին հանձնեց իր ու Ֆրունզի «մանկության տանգոն» ու լենինականցիներին վերադարձրեց Ֆրունզին` Ռուբենի կերպարով: Խաղընկեր Գալյա Նովենցի հետ տիպիկ ալեքպոլյան մի ընտանիք, ընտանեկան դրամա ու էլի կերպարի կատարյալ դրսևորում:
Ավանդապահ է Գյումրին, նորություններ հեշտ չի ընդունում, հաճախ ըմբոստանում է, մերժում, կամ միայն արտաքուստ համակերպվում դրանց: Հայտնի է, որ Մհեր Մկրտչյանի դերասան դառնալու փաստը հայրը չի ընդունել, երկար ժամանակ նույնիսկ հետը չի խոսել ու միայն Լենինականի թատրոնի հերթական ներկայացումից հետո, տանը, ասես ներողություն որպես, մոտեցել է որդուն ու կամաց, որ միայն իրենք` երկուսը լսեն, փսփսացել. «Գուզեմ եսօր ոդներիդ տակը քնիմ»: Անցած օրերի այս գիտակցումն ու հոր չմոռացվող կերպարն է երևի Ֆրունզին օգնել այնքա~ն լենինականյան ու այնքա~ն հայկական խաղալ տաղանդավոր դերասան Արմեն որդու ու Ռուբեն հոր հակասության տեսարանը: «Գուզես դերասան դառնաս հա՞… Էս գլխարկն էլ դրել ես օր շատ վրես խնդան հա՞…Ըլը տուր ընձի՞…»:
Մանկության վերհուշն է պատճառը երևի, որ այնքան կենդանի է ֆիլմը, կերպարները, մարդիկ, երկխոսությունները, որ հաավտում ես ալեքպոլյան յուրաքանչյուր ընտանիքում հնարավոր այս տեսարանին:
«Սիրանույշ, լույսն ընչի՞ է վառած»:
«Քու ի՞նչ գործդ է, գուզեմ կվառեմ, գուզեմ կմարեմ, վառեմ-մարեմ, վառեմ-մարե»:
«Վառե-վառե~ , ըդիք քու մոտդ լավ կստացվի, ընծի վառիր, հմի էլ լույսը վառե»:
Սիրանույշ-Վարդուշ-Ռուբեն եռանկյունին չլուծվեց հօգուտ և ոչ մի հերոսի: Այս եռանկյունու կետերը երկրաչափական պատկեր չկազմեցին ֆիլմում, երևի այնպես, ինչպես ընտանիք ու մի քիչ անձնական երջանկություն չունեցավ Մհեր Մկրտչյան մարդը: Նա ապրեց դժբախտ մարդու, տաղանդավոր մարդու կյանք, սիրվեց բոլորից ում մնաց անմոռաց:
1993-ի դեկտեմբերի 31-ին հայերն իրենց Ամանորի առաջին բաժակը խմեցին առանց զնգոցի, լռելյայն…Լալիս էր նաև Նոր Տարին…
«Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են, բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին, մեկ առ մեկ»:
Փոխադարձվող Սեր ու հավերժի գոյություն… Ֆրունզը մերն է, աշխարհինը, հայինը, բայց Մերը, Մերը….Իսկ դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը…
Լիլիթ Թովմասյան
Լրագրող, ԳՊՄԻ Հայ գրականության ամբիոնի ասպիրանտ