Ավագանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց Արծրունուն ու Մկրտչյանին

Ֆրունզիկ ՄկրտչյանԱյսօր Գյումրու ավագանին միաձայն որոշեց Գյումրու պատվավոր քաղաքացի կոչում հետմահու շնորհել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանին եւ ՀԽՍՀ շինարարության պետական կոմիտեի նախագահ, 1988 թվականին Լենինականում երկրաշարժի հետևանքների վերացման հանրապետական շտաբի ղեկավար Վարդգես Արծրունուն։

Հուլիսի 4-ին լրանում է Մհեր Մկրտչյանի ծննդյան 90 ամյակը, այդ օրը Գյումրիում տաղանդավոր դերասանի ծննդյանը նվիրված միջոցառումներ կանցկացվեն։

Մ․Մկրտչյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու առաջարկ-խնդրանքով Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանին դիմել էին «Լեննագանցիք» ֆեյսբուքյան խմբի ադմինիստրացիան, «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը», վավերագրական ֆիլմի եւ համանուն գրքի, նաեւ «Լույս…» գրքի համահեղինակ, հայաստանյան եւ արտասահմանյան մամուլում Մհեր Մկրտչյանի մասին հրատարակված բազմաթիվ հոդվածների հեղինակ Շուշանիկ Սահակյանը, Մհեր Մկրտչյանին նվիրված www.frunzik.com կայքի հիմնադիր եւ վեբդիզայներ, նաեւ բոլոր սոցցանցերում Մհեր Մկրտչյանին նվիրված էջերի ադմինիստրատոր Միքայել Միքայելյանը։

«2020թ. հուլիսի 4-ին լրանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, հայկական բեմարվեստի հիմնասյուներից մեկի՝ Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակը:
Անուրանալի է նրա մեծ վաստակը հայկական թատերական արվեստն ու կինոն աշխարհին ճանաչելի դարձնելու գործում, չափազանց կարեւոր առաքելություն է նրա մարմնավորած կերպարներով սերունդներ կրթելու եւ դաստիարակելու նվիրական աշխատանքը, ուսանելի է իր կերպարներից ճառագող անմնացորդ սերն ու բարությունը աշխարհին բաշխելու նրա եզակի ունակությունը: Նրա ստեղծագործության հիմքը, ելակետը իր ծննդավայր Գյումրին է, եւ Մհեր Մկրտչյանի առեղծվածի մեջ առաջին հերթին բնավայրի ազդակներն են, այդ խիստ թատերային, խիստ կատակերգական, խիստ ողբերգական, խիստ էպիկական, խիստ ֆանտասմագորիկ Գյումրին է, որ նստած է իր մեջ՝ իբրև բնության ձայն, բնության կանչ, իբրև դիմակների հավերժորեն շարժվող թատրոն: Ինչպես ինքն է վկայում. «Գյումրին իմ քավարանն է: Ամեն նոր գործ ավարտելով՝ առաջինը Գյումրիում եմ ներկայացնում, մաքրվում, որ գամ հետո նոր գործ սկսեմ»:
Ուստի առաջարկում եւ հորդորում ենք իր ծննդավայր Գյումրու խորհրդանիշ հանդիսացող Արտիստին՝ Մհեր Մուշեղի Մկրտչյանին շնորհել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում, որը մեծ պատիվ կբերի Գյումրուն եւ բոլոր գյումրեցիներին»,-նշել էին նրանք։
Վերջիններիս առաջարկին միացել էին նաեւ Գյումրու ավագանու խմբակցությունները։

ՀԽՍՀ շինարարության պետական կոմիտեի նախագահ, 1988 թվականին Լենինականում երկրաշարժի հետևանքների վերացման հանրապետական շտաբի ղեկավար Վարդգես Բագրատի Արծրունուն Գյումրու պատվավոր քաղաքացի կոչում շնորհելու առաջարկությամբ ներկայացել էր Ռուսաստանի հայերի միությունը։
Վ․Արծրունու ավանդը մեծ է եղել Հայաստանում աղետի հետեւանքները վերացնելու գործում։
«Տունը, որ կառուցել է Արծրունին: Երկխոսություններ Գագիկ Կարապետյանի հետ» գրքում մասնավորաապես գրված է․ «Մինչև օրս շատ քչերին է հայտնի, որ Վ.Բ.Արծրունին, տեղյակ լինելով, որ Լենինականում ամբողջ շինարարական տեխնիկան շարքից դուրս է եկել, արդեն դեկտեմբերի 7-ին հրահանգեց, իր ստորագրությամբ հրաման ձևակերպել, և տրեստների բազաների վրա ստեղծել մեխանիզացված շարասյուններ. «Երևանշինը» ուղարկվեց Լենինական, «Երարդշինը»՝ Սպիտակ, «Երքիմշինը»՝ Կիրովական: Արդեն երկու ժամ հետո այդ տեխնիկան, իսկ հանրապետությունը այդ ժամանակ ու ճապոնական չորս 100 տոննանոց ամբարձիչ, հասավ տեղ, և սկսեց աշխատել, ինչի արդյունքում փրկվեց 15000-ից մինչև 18000 մարդու կյանք: Համաձայնեցնելով Նախարարների խորհրդի նախագահ Ֆ.Տ. Սարգսյանի հետ, Արծրունին օպերատիվ կազմակերպեց վթարային լուսավորության հարցը, դիրեկտիվ ցուցումով աղետի գոտի տեղափոխելով հանրապետությունում գտնվող շարժական էլեկտրակայանները, այդ թվում՝ այն ամենը, ինչը գտնվում էր «Հայէլեկտրոյի» պատրաստի արտադրանքի պահեստներում:
ԽՄԿԿ ԿԿ Գլխավոր քարտուղար Մ.Ս. Գորբաչովի այցից հետո, մի քանի օրով Մոսկվա մեկնեց Կրեմլի կողմից աղետի հետևանքների համամիութենական շտաբի ղեկավար նշանակված Բ.Շերբինան: Նրա վերադարձից հետո բերեցին երկու վագոն՝ 1930-ականների, և նոր: Նոր վագոնում տեղավորվեց Շերբինան, հնում Արծրունին: Շերբինան անձնազոհ կերպով աշխատում էր աղետի գոտում, և չէր ցանկանում թողնել ու գնալ: Սակայն ուներ առողջական խնդիրներ, և գնալով իրեն ավելի վատ էր զգում: Նա Չեռնոբիլում ստացել էր ռադիացիայի զգալի դոզա, և կորցնելով իմունիտետը, Արծրունու աչքի առաջ, «հանգում էր»:
Մի առիթով Սուրեն Հարությունյանը, երկրաշարժից հետո առաջին անգամ այցելեց Լենինական, և հարցրեց Շերբինային «նա որևէ ձևով օգնո՞ւմ է ձեզ», նկատի ունենալով ինձ: Ինչին ի պատասխան լսեց. «իրականում այստեղ Վարդգես Բագրատին է ղեկավարում, ես ընդամենը օգնում եմ նրան»: Մոտավորապես կես տարի անց Շերբինան մահացավ Մոսկվայում: Եվս 10 տարի անց Արծրունին հասավ նրան, որ տեղ հատկացվեց Գյումրիում Շերբինայի հուշարձանի համար, նրա անունով անվանակոչվեց փողոց, իսկ 2003-ին նրան հետմահու շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում:
Վարդգես Արծրունու ղեկավարած շտաբի առաջ ամեն րոպե ծառանում էին դժվարին խնդիրներ, սկսած ամբարձիչներ հայթայթելուց, մինչև զոհվածներին’ առանց փաստաթղթերի հուղարկավորելու հարցերը: Կրկին առաջարկում եմ ծանոթանալ Արծրունու հուշերին, որոնք կարելի է դիտարկել, նաև, որպես պատմական փաստաթուղթ. «երբ աչքերիդ առաջ 10 զոհի դիակ է, դեռ տանելի է: Սակայն երբ դրանք հարյուրներ, կամ հազարնե՞ր են: Ես առաջարկեցի. «տարեք մարզադաշտ, շարեք տասական, վատմանից թղթի վրա գրված թվեր դրեք կրծքներին, նկարահանեք, որպեսզի պարզ լինի, թե ո՞վ և որտե՞ղ է թաղված, հետագայում նույնականացնելու նպատակով»: Այդպես էլ արեցինք: Հետագայում ծագեց ևս մեկ հարց. ինչպե՞ս հուղարկավորել, եթե ոչ ոք էքսկավատոր չի տալիս: Կամ ինչպե՞ս վերցնել էքսկավատորը, երբ նրա աշխատելու պահին փլատակների տակից ձայներ են լսվում, և հնարավոր է կյանք փրկել: Այդ ժամանակ Իլյա Կեխվիշվիլին՝ իմ ընկերը և նախկին ենթական, Վրաստանից տեղափոխում էր ամբարձիչներ և բուլդոզերներ, որոնք Ղուկասյանի շրջանում խրվեցին ձների մեջ: Ուղարկելով օգնություն, ես խորհուրդ տվեցի «չմտնել քաղաք, այլ միանգամից հասնել մոտակա գերեզմանատուն, և փոսեր փորել»: Մեծ դժվարությամբ տեղ հասան երկու էքսկավատոր, և լուծեցին այդ խնդիրը: Պատահական չէ, որ երբ աղետի գոտի եկավ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Ն.Ռիժկովը, (2001 թվականին Գյումրու քաղխորհուրդը նրան շնորհեց «Պատվավոր քաղաքացու» կոչում)։
…Ականատեսների վկայությամբ, Արծրունին 1989 թվականի փետրվարի 25-ին Զվարթնոց օդանավակայանից Մոսկվա էր մեկնում նույն կոստյումով և կոշիկներով, որոնցով ժամանել էր»։

Аспарез AsparezԱնի Մկրտչյան
10 Հունիսի, 2020
https://www.asparez.am/patvavor-mkrtchyan-arcruni-hy/#.XuJBFEX7Q2w

Գյումրու քաղաքապետ պ-ն Սամվել Բալասանյանին

Մեծահարգ պարոն Բալասանյան
2020թ. հուլիսի 4-ին լրանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, հայկական բեմարվեստի հիմնասյուներից մեկի՝ Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակը:
Անուրանալի է նրա մեծ վաստակը հայկական թատերական արվեստն ու կինոն աշխարհին ճանաչելի դարձնելու գործում, չափազանց կարեւոր առաքելություն է նրա մարմնավորած կերպարներով սերունդներ կրթելու եւ դաստիարակելու նվիրական աշխատանքը, ուսանելի է իր կերպարներից ճառագող անմնացորդ սերն ու բարությունը աշխարհին բաշխելու նրա եզակի ունակությունը: Նրա ստեղծագործության հիմքը, ելակետը իր ծննդավայր Գյումրին է, եւ Մհեր Մկրտչյանի առեղծվածի մեջ առաջին հերթին բնավայրի ազդակներն են, այդ խիստ թատերային, խիստ կատակերգական, խիստ ողբերգական, խիստ էպիկական, խիստ ֆանտասմագորիկ Գյումրին է, որ նստած է իր մեջ՝ իբրև բնության ձայն, բնության կանչ, իբրև դիմակների հավերժորեն շարժվող թատրոն: Ինչպես ինքն է վկայում. «Գյումրին իմ քավարանն է: Ամեն նոր գործ ավարտելով՝ առաջինը Գյումրիում եմ ներկայացնում, մաքրվում, որ գամ հետո նոր գործ սկսեմ»:
Ուստի առաջարկում եւ հորդորում ենք իր ծննդավայր Գյումրու խորհրդանիշ հանդիսացող Արտիստին՝ Մհեր Մուշեղի Մկրտչյանին շնորհել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում, որը մեծ պատիվ կբերի Գյումրուն եւ բոլոր գյումրեցիներին:

1.«Լեննագանցիք» ֆեյսբուքյան խմբի ադմինիստրացիա։ https://www.facebook.com/groups/lennaganciq/
2.Շուշանիկ Սահակյան, (email: shushaniksahakyan@mail.ru բջջ․ 091 511 071) «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը», վավերագրական ֆիլմի եւ համանուն գրքի, նաեւ «Լույս…» գրքի համահեղինակ, հայաստանյան եւ արտասահմանյան մամուլում Մհեր Մկրտչյանի մասին հրատարակված բազմաթիվ հոդվածների հեղինակ:
3.Միքայել Միքայելյան, (email: frunzik.mkrtchyan@gmail.com) Մհեր Մկրտչյանին նվիրված www.frunzik.com կայքի հիմնադիր և վեբդիզայներ, նաև բոլոր սոցցանցերում Մհեր Մկրտչյանին նվիրված էջերի ադմինիստրատոր։