Ֆրունզիկ Մկրտչյանը երեխաներին
…Երիտասարդ ուսուցիչների հանրապետական առաջին հավաքն էր Ախուրյանում: Հանդիսության ավարտին մշակութային միջոցառումն էր, որին հրավիրված էին երգիչ-երգչուհիներ, դերասաններ: Մհեր Մկրտչյանն ու Հենրիկ Մալյանը միասին եկան: Ուսուցիչներին այնքան գեղեցիկ խոսք, այնքան սրտալի բարեմաղթանքներ ասաց Մհեր Մկրտչյանը, պատմեց Հնդկաստանում անցկացրած օրերից (նկարահանումներից նոր էր վերադարձել): Զուտ հետաքրքրության համար նստել էր կառք` ձեռնասայլակ, որը տանում էր մի նիհար, կիսամերկ տղա: Մհերը, տվյալ պահին այդ երեխայի համար` Աղան, նայել էր այդ տղային, նրա պրկված նիհար ձեռքերին, խղճացել էր նրան ու…տեղերը փոխել էին: Մայթերին կանգնած մարդիկ զարմացած նալել էին, թե ինչպես է Աղան սայլը քաշում, իսկ երեխան` վախվորած, թե իրեն կքարկոծեն իր այդ «արարքի» համար:
Մհերն այս պատմեց եւ հուզված ուսուցիչներին ասաց. «Ես ձեզ շատ եմ խնդրում, երեխաների հետ սիրով վարվեք, սիրեք նրանց, ինչպես ձեր երեխաներին եք սիրում, ներեք նրանց մանկական չարաճճիությունները, ինչպես ձերոնցն եք ներում»:
Ընդմիջմանը մենք զրուցում էինք մի գավաթ սուրճի շուրջ:
Քթի տակ երգեց Իսահակյանի տողերը.
«Դարդլու ախպեր, քուն չունիս,
Դարդլու ախպեր, տուն չունիս-
Սաղ աշխարհը ման կու գաս,
Ոչ մի արտում բուն չունիս…»:
…-Հնարավո՞ր է հինգ հարյուր անգամ Գվիդոն խաղալ:
Իմ տված միանգամայն լուրջ հարցը ֆրունզիկավարի շուռ ու մուռ տվեց, իմ այդ հարցը բերեց-կապեց իմ կյանքի հետ ու, նախ հումով, թե` «Դու, օրինակ, ինչպե՞ս ես ամբողջ կյանքում ամեն օր Հովիկ խաղում», ապա` ավելի լուրջ ասաց.
-Վարդան Աճեմյանի բեմադրած Գվիդոնը հազար անգամ էլ կարելի է խաղալ: Ես սիրում եմ աշխատել այն ռեժիսորների հետ, ովքեր դերասան են սիրում: Դերասան սիրող ռեժիսորները տաղանդավոր ռեժիսորներ են: Նրանք զգում են, որ դերասանը նորբ մեխանիզմ է: Ռեժիսորը այդ բանը չզգա` դերասանը կքանդվի տեղն ու տեղը, կխառնվի, կկորցնի արդյունք տալու, արվեստ ցուցադրելու իր կարողությունը. նա պիտի զգացմունք տա, իսկ զգացմունք ստանալու համար նրան փայփայել է պետք: Դերասանն էլ մի երեխա է` գիտի խռովել, արգելակվել… Բայց գիտի նաեւ ոգեւորվե՜լ: Այ սա պիտի ստանա ու սրան պիտի հասնի ռեժիսորը: Հասնի` դերասանի հանդեպ ցուցաբերվող իր վերաբերմունքով: Շատ դժվար է աշխատել հատկապես սովորեցնող ռեժիսորների հետ, ովքեր միշտ մտածում են, թե իրենք ամեն ինչ գիտեն, իսկ դերասանն, ահա, իրենցից պիտի սովորի, ովքեր միշտ մտածում են, իրենց պահում են այնպես, իբր դերասանն առնվազն … գործիք է:
-Ի՞նչ բան է դերասանությունը:
Ես այս հարցը տվեցի ու հանկարծ զգացի, թե աշխարհում նման մի ուրիշ ավելի տափակ հարց հնարավոր չէր տալ: Տրամաբանությունը հուշում էր, որ Մհերը պիտի տարօրինակ հայացքով նայեր ինձ, արհամարհական դիմախաղով ձեռքը պտտացներ օդում (մեզ շատ ծանոթ էն Իշխանի շարժումներով) եւ ասեր. «Ինչի՞ ես ժամանակս անտեղի խլում»: Այդպես չվարվեց, որովհետեւ ինքը մեծ էր, ինքը Ֆրունզիկ Մկրտչյանն էր, եւ ինքն ինձ խնայեց, ինձ հանեց անհարմար վիճակից, փրկեց ինձ` տափակ հարցս լրջության շրջանակի մեջ դնելով.
-Իմ մասնագիտությունը սերն է դեպի մարդը, դրա համար էլ ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, եթե, իհարկե, այն կարելի է մասնագիտություն համարել:
-Խակ դերասանները հաճախ եւ ավելի շուտ լաց լինողի իմիտացիա ստեղծում, երբ պետք է, որ իրենց կերպարի հուզմունքն ու լացը ներկայացնեն, մի տեսակ նկատվում է, որ դա հուզմունք չէ: Մեծերն ինչպե՞ս են վարվում, օրինակ` Մհեր Մկրտչյանը:
Նախ քթի տակ ժպտաց` «Ես էլ քո ասած մեծերից եմ, հա՞», հետո` ավելի լուրջ.
-Մարդը չի կարող առանց պատճառի լաց լինել, ուրեմն նույնքան տարօրինակ ու անհետաքրքիր է, երբ անիմաստ ծիծաղում է: Հանդիսատեսն անմիջապես կզգա կեղծ լացն էլ, կեղծ ծիծաղն էլ: Որպեսզի քո դերում կերպարին, այսպես ասած, լացացնես, դու պիտի դիտողին նախապատրաստես նրա այդ լացին` նախապտրաստես իրավիճակի ազդեցություններով, հոգեկան ապրումներով, էլ չգիտեմ ինչով, նոր միայն բերես-հասցնես լացելուն: Թե չէ, մի տեսակ անհարմար վիճակի մեջ է ընկնում դերասանը: Նույն անհարմար վիճակի մեջ է ընկնում նաեւ անտեղի ծիծաղեցնողը: Ես չեմ ընդունում անտեղի ծիծաղեցնելն էլ, անտեղի ծիծաղելն էլ:
Ֆրունզիկ Մկրտչյանը գյումրեցի երեխաների աչքերով
Ֆրունզիկ Մկրտչյանը Երևանի №141 դպրոցի երեխաների աչքերով
Հոկտեմբերյանի շրջանի գյուղերից մեկում դերասաններով հանդիպման էին գնացել:
Դեռ ժամանակ կար, և գյուղացիներից մեկը հրավիրում է իրենց տուն:
Երբ արդեն դուրս են գալու, տան փոքր երեխան ուզում է ինքն էլ գնալ, տանեցիները մերժում են, թե` դու դեռ փոքր ես:
Երեխան լաց է լինում, և Ֆրուզիկը գրկում է երեխային, ու բոլորով դուրս են գալիս:
Ճամփին երեխան Ֆրունզիկին ասում է.
«Ձյաձյա, դո՞ւ էլ ես գալիս Ֆլունզիկին տեսնելու»:
Հովհաննես Պապիկյան