Վազգեն Ա-ի գահավորակը
Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հետ մտերիմ էին, հաճախ էին այցելում։
Հովհաննիսյանը պատմում է՝ այն ժամանակ չճարվող մի դեղ կար՝ ստամոքսի խոցի համար էր, ցավերը մեղմող։ Վեհափառն այդ դեղը միշտ ունենում էր։ Կաթողիկոսարանում ամեն ինչի համար դեղ ուներ։
Գնում էին, նստում, երկար զրուցում, վերջում դեղերը վերցնում ու գալիս։ Հովհաննիսյանը հիշում է․
«Ամեն անգամ Վեհափառը հարցնում էր՝ ինչպե՞ս ես Մհեր»։
«Լավ եմ, լավ, Վեհափա՛ռ»,- պատասխանում էր դերասանը։
Վազգեն Ա-ն էլ թե՝ «ամեն անգամ կսես՝ լավ եմ, լավ, բայց նորեն կուգաս՝ դեղ ուզելու»։
Կատակում էր Վեհափառը։ Հերթական անգամ, երբ գնացինք՝ դեղ ուզելու, Վեհափառը հետաքրքրվեց, թե ի՞նչի վրա է հիմա Մհերն աշխատում։ Այդ ժամանակ Լեւոն Շանթի «Կայսրը» դրամայի վրա էինք աշխատում։ Մհերը նշեց ստեղծագործության անունը, ապա, ցույց տալով Վեհափառի գահավորակը, որին այդ պահին նա նստած էր, ասաց․
«Այս տեսակ մի բան եմ ուզում՝ բեմի վրա դնելու, էլ ոչ մի ուրիշ դեկորի կարիք չի լինի»։
«Երկու-երեք օր անց թատրոն է բերվում Վազգեն Առաջինի գահավորակը»,-պատմում է դերասանի այրին՝ շեշտելով՝ պահել է ամենայն զգուշությամբ եւ խնամքով, ոչ մի մաս չի վնասվել, ընտիր վիճակում է։
Լիանա Սարգսյան
http://yerkir.am/news/view/225477.html?fbclid=IwAR3KAg-mrVXIBfF4gG8RQFuzkXrD3A7yYKEhlsL6Tv09YH45hYSmMcmAhBA