Դավիթ Մուրադյան
Давид Мурадян – писатель и кинокритик, сын известного артиста театра и кино Эдварда Мурадяна и балерины Айкануш Асатрян. Преподает кинотеорию и сценарное искусство в Ереванском Гос. Институте театра и кино. Автор нескольких книг и многочисленных статей в газетах и журналах, которые опубликовались во многих странах, а также ряда сценариев к короткометражным, документальным фильмам.
Долгие годы работал на киностудии «Арменфильм» как член сценарно-редакционной колегии.
Был художественным руководителем киностудии Арменфилм.
80-ые и 90-ые годы вел передачи о кино, про искусства по Общественному телевидению Армении.
Ныне президент армянской национальной киноакадемии,
Ректор Ереванского Государственного Институте театра и кино, член правления российского кинофестиваля Коиношок
Մհեր Մկրտչյան. Մեր տան զավակը
Եթե Մհեր Մկրտչյանը ֆրանսիացի լիներ կամ իտալացի, այսօր ամբողջ աշխարհը կճանաչեր ու կսիրեր նրան, ինչպես ճանաչում ու սիրում է Ֆերնանդելին կամ Ալբերտո Սորդիին: Դժբախտաբար, հայ էր: Բարեբախտաբար, հայ էր: Մեր հարստությունն էր, որ բեմից ու էկրանից ներհյուսվել էր յուրաքանչյուրիս կյանքին:
Մենք` հայերս, սիրված դերասաններին անունով ենք հիշատակում: Ընտանիքի անդամի պես: Ասում ենք` Արուսը, Հրաչյան, Ավետը… Նույնիսկ Վահրամ Փափազյանին, որ շեքսպիրյան պատվանդանի վրա էր, որ կյանքի մեծ մասը Հայաստանից դուրս ապրեց, այդ իսկ պատճառով էլ փոքր-ինչ մեկուսի մնաց մեր գիտակցության մեջ. ճիշտ է, Վահրամ չէինք ասում, բայց էլի, մտերմաբար` Փափազ: Այս մտերմիկության մեջ իր խորհուրդը կար: Վերևներից շողացող աստղի մասին չէր խոսքը, որը, թեև պայծառ, բայց հեռավոր է ու անհասանելի: Այդպիսի դերասաններին գլուխդ թեքած ես նայում. քո և նրանց միջև տարածություն կա: Մինչդեռ մեր մեծերն ուրիշ են: Հավանաբար այն պատճառով, որ թատրոնը ազգային հավաքականության օջախ ու խորհրդանիշ էր մեզ համար, երբ դեռ ոչ մայրաքաղաք ունեինք, ոչ պետություն: Եկեղեցի, դպրոց, թատրոն: Հոգևոր անձ, ուսուցիչ-մտավորական, դերասան: Հիմնաքարեր, որոնք կորցնողը վաղ թե ուշ ամեն ինչ է կորցնում:
Բայց սա արդեն առանձին թեմա է, թեև` տեղին հիշված, որովհետև մեր թատրոնի ետպատերազմյան սերնդի առաջնակարգ վարպետների շարքում Ֆրունզիկը` նրանց ընկերը, այնուամենայնիվ, ուրիշ էր. ժողովուրդը սիրում էր նրան այնպես, ինչպես հայրը ծուռ զավակին է սիրում:
Ո՞րն է գաղտնիքը, ի՞նչ օրենքներ-օրինաչափություններ է ստեղծում այդ սերը: Ինչպե՞ս է, որ դերասանը դառնում է ավելին, քան դերասան` միավորելով ահելին ու ջահելին, բոլոր նրանց, ովքեր երդվյալ արվեստասերներ են, և նրանց, ովքեր այդպիսին չեն ամենևին, ամենքի մեջ արթնացնում նույն հողին ու ջրին պատկանելու տաք զգացողությունը, իսկ յուրաքանչյուրի մեջ առանձին` մի անկրկնելի, իր դեմքն ու տեսակն ունեցող Ես:
Այս հարցերը ոչ թե պատասխան որոնելու համար տանք, այլ մտորելու: Չփորձենք վերծանել գեղեցիկ առեղծվածը: Պարզապես դրա հմայքն ու գեղեցկությունը զգանք…
Մեզ, երևի, ծիծաղ շատ էր պետք: Մանավանդ մեր դարը` 15, 37, 41-45 թվականներն ապրելուց հետո: Ֆրունզիկ Մկրտչյանը պարգևեց այդ կենարար ծիծաղը բոլորիս: Կենարար, բայց ոչ անմիտ ու անհեթեթ: Ի սկզբանե նրա ժպիտի խորքերից մի հին տրտմություն ու թախիծ էր ճառագում: Նրա հերոսը այս աշխարհից մի քիչ նեղացած էր: Բայց ներողամիտ ժպտում էր: Մեծահոգի մարդու ժպիտ էր դա, մարդ, ով ապրում է բաց սրտով, և սիրտ, որ տարեցտարի, ֆիլմից ֆիլմ ավելի իմաստուն է դառնում: Ի վերջո, հին փիլիսոփաները մի բան գիտեին, երբ ասում էին, որ սիրտն իր բանականությունն ունի, որի բարձունքները հաճախ աննվաճ են մնում ուղեղի համար…
Կա՞ հայկական կինո առանց Մհեր Մկրտչյանի: Փորձենք նրան անջատել իր ֆիլմերից, և դրանք կդառնան մի ոտքից կաղ: Հիշենք, թե ինչպես աստիճանաբար ավելի դրամատիկ ողբերգական հնչերանգ ստացան նրա դերերը, հոգեբանական խորք ու լայնք, մանավանդ` Մալյանի կինոնկարներում, որոնք նա սիրում ու կարևորում էր իր դերասանական կենսագրության մեջ, իսկ հետո եղբոր` Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերում, երբ նա` Մհերը, նույնացավ իր բնօրրանի` Գյումրիի հետ: Սա նրա ակունքն էր, որ տիեզերական անխախտ օրենքով կոչվում է դարձ ի շրջանս, բայց Մհերի մեջ շատ բան կար նաև Թումանյանի հայից, Պարոնյանի հայից, Սարոյանի հայից, մի խոսքով` ամենքիցս:
Իհարկե, նրա ոսկեբեր երակը կինոն քիչ պեղեց: Ավելի քիչ, քան պարտավոր էր, թեև շատերը չէ, որ կարող են մրցել նրա հետ Հայաստանում և Հայաստանից դուրս նկարահանված ֆիլմերի քանակով: Թատրոնը, ի դեպ, ավելի քիչ ստացավ նրանից, աններելիորեն քիչ: Համաշխարհային դրամատուրգիայում սքանչելի կերպարներ կային, որ կարծես հենց նրա համար էին գրված: Բեմադրող էր պետք:Համենայնդեպս, Ֆրունզիկը բացառիկ երջանկութան արժանացավ` համազգային սիրո: Որովհետև իր արվեստով երջանկություն պարգևեց մարդկանց: Ահա և մոտեցանք այն պատասխանին, որը գտնելու մտադրություն չունեինք. սիրո գինը սերն է: Փողոցով քայլում էր նա` յուրաքանչյուրը ժպտում, ջերմանում էր նրան տեսնելով: Ավելին հարկավո՞ր է արդյոք դերասանին: Ավելին հարկավո՞ր էր մեզ…
Մեկ տարի առաջ, ձմեռային սառնաշունչ մի օր, օպերային հրապարակում տոնածառ էր դրված, օպերայի ներսում` Մհեր Մկրտչյանի անկենդան մարմինը: Իր հին ու տաղանդավոր ընկերոջը` Շերենցին, մի քանի օր առաջ էր հրաժեշտ տվել և շտապել էր նրան միանալու: Իր կատակն էր: Ասում էր. «Շերենց, դու դառնալու ես հարյուր տարեկան և նոր միայն մեռնես: Էդ ժամանակ էլ ես քո ետևից կգամ»: Դժբախտաբար, թիվը սխալ էր գուշակել:
Տարին թռավ, անցավ: Ժամանակները, սակայն, մի զարմանալի հատկություն ունեն: Դրանք ավելի ու ավելի են մոտեցնում մեզ մեծ արվեստագետներին: Որքան հեռանա Ֆրունզիկ Մկրտչյանը, այնքան ավելի կմոտենանք նրան, որովհետև յուրաքանչյուր անգամ, երբ նա ժպտա մեզ էկրանից, կվերադառնա նրա անմեռ հոգին` հիշեցնելով մեզ հին օրերի երգը, հիշեցնելով մեր խինդն ու թախիծը:
Դավիթ Մուրադյան
"ԱԶԳ" 29.12.1994թ
- Մեզ, երևի, ծիծաղ շատ էր պետք... Ֆրունզիկ Մկրտչյանը պարգևեց այդ կենարար ծիծաղը բոլորիս: Կենարար, բայց ոչ անմիտ ու անհեթեթ: Ի սկզբանե նրա ժպիտի խորքերից մի հին տրտմություն ու թախիծ էր ճառագում: Նրա հերոսը այս աշխարհից մի քիչ նեղացած էր: Բայց ներողամիտ ժպտում էր: Մեծահոգի մարդու ժպիտ էր դա...
©Դավիթ Մուրադյան