Ֆիլմ` Մհեր Մկրտչյանի մասին

Մհեր ՄկրտչյանԼրագրող Հովհաննես Պապիկյանը տևական ժամանակ իրեն նվիրել է նշանավոր հայ դերասան Մհեր Մկրտչյանի կյանքի և ստեղծագործության հետազոտմանը` մինչ այժմ ձևավորված պատկերացումների մեջ ներբերելով նաև սեփական դիտումներն ու ընկալումները, որոնք նպաստում են մեծագույն արվեստագետներից մեկի դիմանկարի ամբողջացմանը: Երկու փաստագրական ֆիլմ է մինչ այժմ ստեղծվել Մհեր Մկրտչյանի մասին, ու դրանք որոշակի ավանդույթներ են ձևավորել, յուրովի պատկերել արվեստագետին: Սակայն ամբողջական դիմանկարի անհրաժեշտությունն օրավուր մեծանում էր, որովհետև բոլոր ստեղծված ֆիլմերը գլխավորապես հենվում էին արտիստի անձնական կենսագրության վրա` այդպես էլ անմատույց թողնելով նրա խոհերի ու մտորումների աշխարհը:
Հովհաննես Պապիկյանը դիմանկարային ակնարկը միավորել է ֆիլմ-խոհին, ֆիլմ-մտորումին` ներկայացնելով արտիստի գնահատականներն ու մտային որոնումները` դերասանական արվեստում: Եվ «Էն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմը (սցենարի հեղինակ` Շուշանիկ Սահակյան) լուծել է իր առջև դրված խնդիրները` կենսագրական պատումը միահյուսելով արտիստի մենախոսությունների շարքին:


Այս ֆիլմը ստեղծվել է լրագրող և կինոգետ Ռոբերտ Մաթոսյանի և գիտության դոկտոր Խաչիկ Շառոյանի քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծված հավաքածուների հիման վրա` ներառելով բացառիկ կադրեր և գրառումներ: Առաջին անգամ մեր կինեմատոգրաֆում` ներկայացվում են մեծ դերասանների ծնողների հայրենիքները` Մուշն ու Վանը, այն որբանոցը, որտեղ հայտնվել են Հայոց եղեռնից մազապուրծ Մուշեղ և Սանամ հայաբեկորները: Ալեքսանդրապոլ-Գյումրին է ներկայացվում` այն բնավայրը, որը չափազանց մեծ դեր ունեցավ արտիստի ինքնության և դիմանկարի հաստատման գործում: Կարևոր է բնավայրի խնդիրը, քանզի այն իր գրգիռներով, էպոսային էությամբ յուրատեսակ գույն ու տրամադրություն է հաղորդել Մհեր Մկրտչյանի կերպարին և ինքնությանը, գուցեև ձևավորել նրա ստեղծագործական թեման:
Դերասանն իր կենսագրությունը սկսել է Նիկոլ Բաղդասարյանի և Սվասյանի ինքնագործ թատերախմբերում, որոնց մասին մեծագույն լրջությամբ և երախտագիտությամբ է խոսում դերասանը, քանզի այդ թատերախմբերը ոգորում և ազատ ստեղծագործելու հնարավորություն տվեցին, տարան դեպի ինքնաստեղծման բարդ արվեստը: Ընդհանուր-հպանցիկ գծերով ներկայացնելով դերասանի անցած ուղին, ֆիլմի հեղինակները հիմնականում ներկայացնում են Մհեր Մկրտչյանի ելույթներից ու գրառումներից առնված հատվածներ, որոնք կարող են դասագրքային ճշմարտություններ դառնալ թատերական արվեստն ուսումնասիրողների համար: Մհեր Մկրտչյանը թատերական արվեստի մասին տեսական աշխատություններ չի գրել, սակայն նրա զրույցներն ու բարձրաձայն մտորումները տեսական մեծ շերտեր ու կուտակումներ են պարունակում: Այս ամենն է արտացոլվել ֆիլմում, որը խախտում է վավերագրական ֆիլմի մասին հաստատված որոշ կարծրատիպեր, ստեղծում հաճելի տպավորություն, միանգամից կինոդիտողին կապում էկրանային պատումին: 
Ֆիլմը ստեղծվել է կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի, դերասաններ Անդրանիկ Հարությունյանի և Սիլվա Յուզբաշյանի համագործակցությամբ` ամբողջացնելով էկրանային ինքնատիպ կտավը: Տեղի ունեցած շնորհանդեսին «Մոսկվա» կինոթատրոնում, Գյումրու պատվավոր քաղաքացի, նշանավոր պետական և կուսակցական գործիչ Դոնարա Հարությունյանը, դերասան Աշոտ Ադամյանը, թատերագիր և արձակագիր Սամվել Խալաթյանը, Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր, գրականագետ Նորայր Ղազարյանը բարձր գնահատեցին ֆիլմի գեղարվեստական հաստատումները: Ընդգծվեց, որ այն նոր էջ է բացում մեծ դերասանի մասին ստեղծված ֆիլմերի և գրականության պատմության մեջ: 

АвангардԼևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԻ
05 Սեպտեմբեր 2012 Թիվ 64 (14417)
www.avangard.am/?page=news&cal_date=&news_id=731

Печать

ՀՈՒԼԻՍԻ 4-Ը ՔՈ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ է...

ՖՐՈՒՆՁԻԿ - ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆՖՐՈՒՆՁԻԿ - ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ - 70

Չնայած սովորություն չունեմ հիշարժան տարեթվեր եւ օրեր մտապահել, բայց այս մեկը հիշեցի, չէի կարող մոռանալ, ինձ չէի ների: Որտեղից գիտեմ քո ծննդյան օրը, երևի օրացույցից կամ ինչ-որ առիթով լսել եմ: Ես, որ կյանքում երբեք չեմ հանդիպել քեզ. ոչ մի բառ չենք փոխանա­կել եւ քեզ գիտեմ միայն ֆիլմերից ու գրքերից, այսօր գրում եմ քո մասին: Պարադոքս է, չէ՞... որտեղից այդքան համարձակություն... բայց լսիր. ինքս ինձ հետ ոչինչ անել չեմ կարող ու պիտի գրեմ, ինչ ասել է գրեմ, պիտի զրուցեմ քեզ հետ, շնորհավորեմ քո ծնունդը: Ոչինչ, որ զրույցս մենախոսություն կստացվի, դու կլսես ինձ ու... թերեւս կպատասխանես:
Քեզ տեսնելու համար չեմ նայի կինոյի կամ թատրոնի գեղադիտակի միջից: Եվ լռելու, կամ մի բան ասելու համար, ինձ օգնության չեն գա Իշխանը, Հովսեփը, Գասպարը, Արսենը, Գվիդոնը, Ափրոն, Գրիգոր-աղան, Գարսեւանը... միայն աչքերդէ մանկորեն միամիտ, կամակոր, թախծաժպիտ, աչքերդ կուղեկցեն ինձ մեր զրույցի ընթացքում: Չէ՞ որ հենց աչքերդ օգնեցին, որ ճանաչեմ քեզ որպես մարդ: Իսկ դու տխուր մարդ չէիր, դա քո աշխատանքն էր, նույնիսկ ծիծաղը լուրջ գործ էիր համա­րում: Եվ երբ քեզ հասկացան ու ճանաչեցին, չմեծամտացար ամենեւին: Քո կարծի­քով մոլորություններից ամենակործանարարը փառամոլությունն է: Այս մասին ասել ես, թե «ճանաչում են լավաշ վաճառող կնոջը, դանակ-մկրատ սրողին, փոստատարին: Արվեստի, գրականության, գիտության եւ այլ ասպարեզներում մարդկանց ճանաչում են իրենց գործերով: Յուրաքանչյուրի գործում դրսեւորվում է նաեւ իր անձը»: Իսկ քո գործում, ինչ էլ որ խաղացիր, դու էիր, երեխա ժամանակ ակումբի ներ­կայացումները դահլիճի դռան բանալու անցքից նայող Մհերը, որին հետո, բազում անունների շարքում սկսեցին նաեւ Ֆրունզիկ կոչել:
Քեզ ճանաչողը, սակայն, չունի «հանդի­սատեսի» կաղապարը, այլ ընկերդ էր, մտերիմդ, բարեկամդ: Քո մեջ միշտ կռիվ կար հեղինակի, թատրոնի, դերասանի, ինքդ քո հետ եւ ասում էիր, թե կռվելուց հե­տո սիրելը հեշտ է լինում: Իսկ դու սիրում էիր ամեն ինչ եւ բոլորին երբեմն ինքնազոհության աստիճանի եւ աշխատում էիր հիշեցնել մարդուն, որ «բնության պես ինքն էլ ազատ է, արժանապատվությամբ լի, նրա պես բարի, պարզ, գեղեցիկ»: Նաեւ, երբեք չես մտածել, թե հայ ես. փորձել ես ընդհանրապես մարդ լինել, երբեք չդավաճանել քո ներքին ձայնին: Նույնիսկ դերում չէիր ժխտում քեզ, ավելին, դերը գուցե առիթ էր ինքնաարտահայտման համար: Հիշո՞ւմ ես «Եռանկյունի» ֆիլմի նկարահանումների ժամանակ. «Թեյ էր պետք, մեկ էլ հանկարծ շիկացած երկաթը դրեցի բա­ժակի մեջ, երկաթը թշշաց, ջուրը եռաց... Բանից պարզվեց, որ շատ ճիշտ եմ ապրել պահը: Դարբինները հաճախ այդպես են պատրաստում իրենց թեյը...» կամ «Ինք­նաթիռի պատուհանը բացում եմ ու գոռում. «Ուստա, Համոն փողը չի տվել»: Չգիտեմ ինչ Համոյի մասին է ու չեմ էլ ուզում իմա­նալ... Ձգում էի, որ մի բան ասել է պետք եւ ասել կերպարային մտածողությամբ»:
Հաճախ մարդկանց ճանաչում Են, ելնելով այն բանից, թե ինչպես են նրանք երեւում: Տեսանելիության չափանիշը թույլ դիտակետ է քեզ հետ զրուցելու համար: Քո մա­սին շատ է գրվել, ես ոչ մի նոր բան չեմ ասելու, թերեւս միայն շնորհակալություն... Երեւի քչերը գիտեն, որ դու իսկական բանաստեղծ էիր, բանաստեղծ, որը ոչնչացնում է դի­մակները: Իսկ ով հոգով է բանաս­տեղծ, նա ամեն ինչ կարող է:
Մի զրույց կա հին գերեզմանոցի մասին, ուր թաղված մարդկանց ապրած տարիներից հանվում եւ ապրված է հաշվվում նրանց իմաստալից ապրած ժամանակաշրջանը միայն: Եթե հաշվենք քո ապ­րած ու ապրելիք կյանքի տարիները, դրան գումարենք սերունդներին հարստացնող քո վաստակը, քո մեծ սերը, նվիրումը, ապա կյանքիդ տարիները կաճեն հազարա­պատիկ ու կդառնան անմահություն: Եվ միեւնույն չէ՞, թե ծննդյանդ որ ամյակն է: Հավերժ ապրողների կյանքը չունի տարա­ծական և ժամանակային տիրույթներ: Ուրեմն, շնորհավոր ծնունդդ եւ անչափ շնորհակալություն...

АвангардՄարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ավանգարդ
29 հունիսի - 4 հուլիսի 2000թ.