Ուրիշ Մհեր
Ռեկվիզիտներ ֆիլմերից, բեմական հագուստ, լուսանկարներ, բազմաթիվ իրեր ու պատմություններ, որոնք Գյումրու Մհեր Մկրտչյանի թանգարանում բացահայտում են մի ուրիշ Մհերի, շատերին անծանոթ, ինչ-որ առումով նաև առեղծվածային:
Գյումրու Վարպետաց ու Ռուսթավելի փողոցների հատման կետում գտնվող Ռուսթավելի 30 հասցեում իր սիրելի դերասանին Ռադիոլուրն օրերս բացահայտել է նորովի:
Մհեր Մկրտչյանի ծննդյան օրվան նվիրված ռեպորտաժը գուցե շատերիս համար մկրտչյանական նոր բացահայտումների առիթ կդառնա:
Ֆրունզիկի լույս աշխարհ գալու տարիներին՝ 30-ականներին, երեխաներին հայտնի զորավարների անունով կնքելը նորաձև էր: Հասուն մարդ էր, երբ Մարտիրոս Սարյանից պահահաբար իմացավ, որ Ֆրունզ անունով զորավարը ծանր պահին թուրքերին զենք ու զինամթերք է մատակարարել:
Ու որոշեց հրաժարվել անունից՝ իրեն հռչակելով Մհեր՝ ի պատիվ Միհր Աստծո: Բայց ժողովուրդն արդեն սիրել էր Ֆրունզին, ու մինչև կյանքի վերջն էլ ժողովրդի համար մնաց որպես Ֆրունզ:
Գյումրու Ռուսթավելու 30 հասցեում գտնվող շենքում Մհեր Մկրտչյանը չի ապրել, նա տեքստիլագործների թաղամասից էր, բայց հենց հիշյալ հասցեում է 2006-ից գործում նրա անունը կրող թանգարանը, տնօրեն Շողիկ Մելքոնյանի պարզաբանմամբ՝ նախկինում «Ուստա Կարո» խաշատան շենքում: Սա Ֆրունզի ամենասիրելի հասցեներից էր Գյումրիում։
Բեմական հագուստներ, իրեր, տարբեր ֆիլմերում օգտագործած ռեկվիզիտներ, դերասանի պարգևները, նվերները, Մհեր Մկրտչյանի մոր՝ Սանամի կենցաղային իրերը, հարյուրավոր լուսանկարներ: Թանգարանի ցուցանմուշների հավաքածուն 2007-ին հարստացավ նաև Մհեր Մկրտչյանի թոռնուհու՝ Իռեն Տերտերյանի նվիրաբերած շուրջ 1500 նոր ցուցանմուշներով, որոնց թվում նաև դերասանի սիրելի խամաճիկ տիկնիկն էր:
«Մհերը հաճախ խաղում էր այդ տիկնիկով՝ նրան տալով իր բացասական հույզերը ու վերցնելով նրանից դրականը»,-ասում է տիկին Շողիկն ու անդրադառնում թանագարանի ամենահետաքրքիր ցուցանմնուշներից ևս մեկին։
Մհեր Մկրտչյանի բացառիկ սերը փղերի ու նրանց արձանիկների հանդեպ բացահայտում ենք հենց Գյումրու նրա անունը կրող թանգարանում: Ինքն ուներ փղիկների բազմաթիվ արձանիկներ ու մյուսներին էլ հորդորում էր անպայման տանն ունենալ դրանցից: Անվերապահորեն հավատում էր, որ փիղը ընտանեկան երջանկության պահապանն է:
Ֆրունզն ասում էր, որ սիրում է բոլոր կենդանիներին, բացի կենգուրուից: Երբ հարցել են՝ ինչու, ինչ է արել քեզ խեղճ կենգուրուն, որ չես սիրում, պատասախանել է։
«Չեմ սիրում, որովհետեւ երբ կենգուրուն վտանգ է զգում, անմիջապես գրպանից հանում է ձագին ու դեն շպրտում, որ առաջինը իր մորթին փրկի»։
«Մեր մանկության տանգոն» ֆիլմում մի քանի կոմոդ է օգտագործվել, դրանցից մեկն այսօր թանգարանում է, այստեղ է նաև ֆիլմում օգտագործած մահճակալը: Եղբոր՝ ռեժիոսոր Ալբերտ Մկրտչյանի մահից հետո նրա ընտանիքը թանգարանին է նվիրել Ֆրունզին պատկանող պահարանն ու Օրիոն մակնիշի հեռուստացույցը, որը դերասանը գնել էր հնդկական «Ալի Բաբան և 40 ավազակները» ֆիլմից ստացած հոնորարով:
Ցուցանմուշների մեջ աչքի է զարնում Ֆրունզի վերարկուի գրպանից կախված թաշկինակը՝ նրա անձնական դրամայի ու բոլորից թաքուն պահած արցունքների յուրօրինակ խորհրդանիշը:
60-ականներին, երբ Ֆրունզը մեծ հեղինակություն էր վայելում ամբողջ խորհրդային տարածքում, Տայգայի փայտահատները ծառի բնի մեջ պատահականորեն հայտնաբերում են անձեռակերտ փայտե քանդակ՝ չափազանց նման Մհեր Մկրտչյանին: Փայտահատներն այն լաքապատում են ու սիրո խոստովանության փոքրիկ նամակով ուղարկում դերասանին: Քանդակն այսօր Գյումրու թանգարանում է: Ցուցանմուշների մեջ նաև Մհեր Մկրտչյանի որդու՝ Վահագի ձեռքով արված հոր դիմանկարն է։
Տիկին Շողիկը պատմում է, որ թանգարանը հաճախ արտասահմանցի հյուրեր է ունենում, ոմանք գալիս, ծնկի են իջնում Ֆրունզի իրերի առաջ ու լաց լինում: Ֆրունզի հանդեպ բացառիկ սիրո մասին վկայում է նաև այս պատմությունը։
Գյումրու թանգարանում բացահայտած պատմություններից ևս մեկը: «Զինվորն ու փիղը» ֆիլմի նկարահանումների ընթացքում շատ է մտերմանում կենդանուն: Նկարահանումներից մեկի ժամանակ հոգնած քնում է:
Հանկարծ աչքերը բացում է ու գլխավերևում տեսնում է փղի հսկայական կճղակը՝ կարծես պատրաստ գլուխը տրորելու: Վեր է ցատկում ու վախեցած փախչում, իսկ վարժեցնողը հետևից կանչում է. «Մի վախեցիր, երբ փիղը ոտքն ինչ-որ մեկի գլխավերևում բարձրացնում ու պահում է, դա նշանակում է, որ նրան սիրո խոստովանություն է անում»:
http://www.armradio.am/hy/2018/07/04/44-941/