Ծնունդդ շնորհավոր, Ֆրու՛նզ ջան
Ի՞նչ է տաղանդը՝ հարցրին մի անգամ Մհեր Մկրտչյանին։ Հիվանդություն՝ կարճ պատասխանեց նա:
«Իսկ հնարավո՞ր է, որ մարդ լինի տաղանդավոր, բայց նրա տաղանդը մինչև մեռնելն այդպես էլ չարտահայտվի, չդրսևորվի» հարցին պատասխանել էր․ «Չէ, եթե մի տեղից դուրս չտա, երեսին ցանի պես դուրս կտա։ Հետո որ ասում են` «տաղանդը պարգև է, բան…», չէ, տաղանդը բեռ է, պարտավորություն, պատասխանատվություն, «աբիզալովկա»։ Պիտի անես։ Հանգիստ չկա»։
Արժե արդյո՞ք ասել, թե որքան տաղանդավոր էր նա։ Հուլիսի 4-ը տխուր աչքերով կատակերգուի` Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Նա ծնվել էր Գյումրիում 1930 թվականին:
Գյումրու Ռուսթավելի 30 հասցեում Մհեր Մկրտչյանը չի ապրել, նա Տեքստիլագործների թաղամասից էր, բայց հենց հիշյալ հասցեում է 2006 թվականից գործում նրա անունը կրող թանգարանը։ Տնօրեն Շողիկ Մելքոնյանի պարզաբանմամբ՝ նախկինում «Ուստա Կարո» խաշատան շենքում։ Սա Ֆրունզիկի ամենասիրելի հասցեներից էր Գյումրիում:
![Մհեր Մկրտչյան](https://hy.armradio.am/wp-content/uploads/2020/07/frunzik.jpg)
Առաջին հանդիպման ժամանակ նրան ցնցել են Մհեր Մկրտչյանի աչքերը։ «Այսքան ուրախ, այսպիսի պայծառ դեմքով մարդ ու այդքան տխուր աչքեր, մի տեսակ անհասկանալի էր»,-պատմում էր Կիկաբիձեն:
«Ես չգիտեի նրա կյանքը, հետո միայն իմացա, որ անձնական մեծ ողբերգություն է ապրում։ Ֆրունզիկը չափազանց տաղանդավոր էր , բացառիկ հումորի տեր»:
Ես ընդամենը երկու մարդու եմ ճանաչել, որոնք ծիծաղեցնում էին, բայց իրենք չէին ծիծաղում, մեկը Յուրի Նիկուլինն էր, մյուսը՝ Ֆրունզիկ Մկրտչյանը, ասում էր Վախթանգ Կիկաբիձեն։ Մհեր Մկրտչյանի բացառիկ հումորի մասին պատմում են նաև նրա գործընկերները։
![Մհեր Մկրտչյան](https://hy.armradio.am/wp-content/uploads/2014/03/Mher-Mkrtchyan.jpg)
Մհեր Մկրտչյանի եղբայրը՝ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, մի առիթով պատմել է․ «Եթե դերին պատրաստ չէր, սպանեիր էլ չէր նկարվի, որովհետև ինքը խալտուրա ասված բառից զզվում էր։ Ասում էր՝ դերն ինձ համար մուկ է, ես պիտի այնքան կատվի նման պտտվեմ շուրջը, այնքան պիտի ուսումնասիրեմ, դարձնեմ իմը, որ կարողանամ խաղալ»։
Այսպես է Մհեր Մկրտչյանը ստեղծել իր կերպարները՝ մեկը մյուսից հանճարեղ, մեկը մյուսից սիրված ու երբեք չմոռացվող։
«Նա ապրեց, արարեց ազատ, անկախ, շռայլ, մեծ, մեծ ինչպես իրեն ծնած հողը՝ անզուգական Գյումրին, որին խնդրում եմ՝ ուժ տուր, մի նոր Մհեր ուղարկիր, թող մեծ քիթ ունենա, թող տխուր աչքեր ունենա, թող գյումրեցի լինի, ուրեմն տաղանդավոր կլինի։ Սպասում ենք, հզորացրու ազգդ։ Ծնունդդ շնորհավոր, Ֆրունզ ջան»․ ռեժիսոր Երվանդ Ղազանչյան։